Ադրբեջանն էլի ուրիշ մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանին՝ ասելով, որ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ: Մենք այստեղ համաձայն չենք, որովհետև ինչի վրա է հիմնվում նրանց այդ դիրքորոշումը. որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում կա հղում Անկախության հռչակագրին, իսկ Անկախության հռչակագրում հիշատակում կա ԼՂ-ի և Հայաստանի միավորման վերաբերյալ 1988 թվականին կայացրած որոշմամբ: Հիմա Ադրբեջանի ասածը ինչքանո՞վ է հիմնավոր: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս համատեքստում վարչապետն անդրադարձավ նաև Ադրբեջանի Սահմանադրության խնդրահարույց կետերին՝ նշելով, որ դրանում հղում է արվում 1991 թվականի պետական անկախության մասին ակտին, որում էլ հղում է արվում 1918 թվականի մայիսի 28-ի Ադրբեջանի Անկախության հռչակագրին:
«Անկախության ակտի մեջ նշված է, որ այսօրվա Ադրբեջանը 2018-2020 թթ. Ադրբեջանի իրավահաջորդն է, իսկ 2018-2020 թթ. հռչակագրի մեջ նշված է, որ Ադրբեջանի տարածքներ են հարավային և արևելյան Անդրկովկասը, և 1919 թվականին Անտանտին ներկայացրած քարտեզով Ադրբեջանը հավակնություններ է ներկայացրել այսօրվա Սյունիքի և Վայոց ձորի մարզերի նկատմամբ, նաև Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու և Շիրակի մարզերի նկատմամբ՝ մասամբ: Ի տարբերություն Հայաստանի Սահմանադրության՝ այս հիմնավորմամբ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ:
Հիմա կհարցնենք՝ բա հարց չեք բարձրացնո՞ւմ: Մենք հարցը այդ ձևով չենք բարձրացնում: Ինչո՞ւ. որովհետև խաղաղության պայմանագրի մեջ կա համաձայնեցված դրույթ, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանն այս պայմանագրի դրույթները չկատարելու համար»,- ասաց նա:
Վարչապետը նաև ընդգծեց, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ևս կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, ընդ որում՝ ադրբեջանական վերոնշյալ փաստաթղթերում կա նաև ձևակերպում, որ Ադրբեջանի տարածքը 108 հազար քառակուսի կիլոմետր է, բայց Հայաստանի հետ, ու Վրաստանի հետ սահմանային հարցերը լուծելուց հետո տարածքը կդառնա 141 հազար քառակուսի կիլոմետր:
«Սա նշանակում է, որ այս տրամաբանությամբ՝ այսօրվա Ադրբեջանի Սահմանադրության մեջ արձանագրված է ևս 45-46 հազար քմ-ի նկատմամբ տարածքային հավակնություն:
Դա մեզ չի՞ անհանգստացնում: Իհարկե, անհանգստացնում է: Դա պրոբլե՞մ է: Իհարկե, պրոբլեմ է: Մենք հիմա այդ պրոբլեմին ո՞նց ենք արձագանքում: Ասում ենք, որ Ադրբեջանն իր Սահմանադրությունը փոխի՞: Ասում ենք՝ կա խաղաղության պայմանագրի՝ արդեն իսկ համաձայնեցված հոդված, որը ստորագրելու պարագայում այդ հարցը կարգավորվում է՝ արձանագրելով, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ պայմանագրից բխող պարտավորությունները չկատարելու համար: Վերջ: Արձանագրվում է սա: Մնացածը պատմություն է, պատմությունը չես կարող ջնջել, և դրա անհրաժեշտությունը չկա էլ: Պետք է մտածենք՝ ո՞նց անենք՝ անցյալի պատմությունը ջնջե՞նք, պետք է մտածենք՝ ո՞նց անենք, որ նոր պատմություն ստեղծենք, որովհետև եթե հիմա մենք պահանջենք՝ թող Ադրբեջանն իր Սահմանադրությունը փոխի, դա նշանակում է, որ մենք հարցը դիտավորյալ մտցնում ենք փակուղի, բայց ոչ թե խնդիր չենք տեսնում ու մտահոգված չենք, այլ որ արդեն իսկ համաձայնեցված հոդվածները խաղաղության պայմանագրի նախագծի՝ այդ հարցն ամբողջությամբ լուծում է, մնում է՝ պայմանագիրը ստորագրել, որը, փաստացի, պատրաստ է իմ ասած տրամաբանությամբ վավերացնել և հարցերը լուծել: Եթե էլի հացեր մնան, այդ հարցերը կարող ենք հետագայում քննարկել փոխադարձաբար»,- ասաց նա: