Դեպքերը՝ կապված էլեկտրաէներգիայի մատակարարման հետ, կապված ջրային համակարգի հետ, ջրի և կոյուղու ջրերի կառավարման հետ շատ լուրջ պրոբլեմներ են, որոնք մեզ լրջորեն մտահոգում են և լրջորեն հետաքրքրում են: Բայց այստեղ էլի մեր մոտեցումը գիլիոտինային չէ. այ, եկեք բոլորի հետ խզենք, բոլորի հետ վերացնենք հարաբերությունները, մեր խնդիրն է հասկանալ խնդրի էությունը, և գործընկերային տրամաբանությամբ գնալ այդ խնդիրների լուծման: Ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հանրապետությունում տարբեր մարզեր որ այցելում եմ, գյուղերում մարդիկ համատարած բողոքում են էլեկտրաէներգիայի որակից՝ ասելով, որ ընդհուպ գյուղտեխնիկան վառվում է, վթարվում է, և ես, ամենայն լրջությամբ և խստությամբ, այդ հարցը դրել եմ Կառավարության առաջ, և մենք ամենատարբեր ֆորմատներում լրջագույն քննարկումներ ենք ունենալու այդ հարցի շուրջ: Այնտեղ, որտեղ ի հայտ կգան մեղավորներ, դա կունենա իր հետևանքը, բայց մեր նկատառումը չէ գնալ գտնել մեղավոր, հեռուստացույցով ցույց տալ և անելիքը համարել ավարտված:
Մեր նկատառումն է՝ լրջագույն բարեփոխումների և ներդրումների ճանապարհով այդ խնդիրը լուծել:
Նույնը՝ ջրերի ոլորտում: Ես իմ մարզային այցերի ընթացքում էլեկտրական էներգիայի հետ կապված արդեն հանձնարարական տվել եմ: Ես իմ մարզային այցերի արդյունքներով արդեն իսկ տվել եմ հանձնարարական, որ մեր ջրերի կառավարման և կեղտաջրերի հեռացման և ավելացնեմ՝ կոշտ թափոնների կառավարման հարցում մեզ պետք է ջանքերը կրկնապատկել, եռապատկել: Այդ հարցը մեր օրակարգի առաջնահերթությունների մեջ է:
Անձամբ ինձ այդ պրոբլեմները շատ մտահոգում են, որովհետև տեսնում եմ, որ այդ պրոբլեմներն ամեն օր ներկա են: Մենք պետք է բավարար խորությամբ ուսումնասիրենք հարցը և տանք լուծումներ. ջուր, էլեկտրական էներգիա, ջրահեռացում և կոշտ թափոնների կառավարում. այս հարցերը լինելու են առաջիկա մեր օրակարգի առաջնահերթությունների շարքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: