Խաղաղության համատեքստում կարծում ենք, որ հնարավոր է նման որոշում կայացնելը: Երբ խաղաղությունը կայացած փաստ է, այդ ձևաչափի գոյությունը, կարծում եմ, իրոք կարող է հարցեր առաջացնել: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հաճախակի պնդումներին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարել: Լրագրողը հետաքրքրվեց՝ ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանն այս հարցում:
Ըստ Փաշինյանի՝ խնդիրն այս դեպքում ժամկետն է: «Ընդհանրապես, որևէ գործում պետք չէ կառքը ձիուց առաջ դնել, և հարց է, թե արդյոք արդյունավե՞տ է, և ճի՞շտ ճանապարհ է այդ թեման քննարկման առարկա դարձնելը հիմա, որովհետև, էլի եմ ասում, կան հարցեր, որոնց պատասխանները մենք էլ պետք է ստանանք, որովհետև Ադրբեջանը, օրինակ, խոսում է այն մասին կամ այդ փաստն օգտագործում է՝ [նշելով], որ դա նշանակում է՝ եթե հենց հիմա Հայաստանը չի համաձայնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարմանը, նշանակում է, որ Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի: Մենք տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանի նկատմամբ: Սրա մասին բազմիցս հայտարարել ենք»,- ասաց նա: