Եթե այդ ամեն ինչը աննկատ տեղի ունենար, դուք չէիք նկատի: Եթե դուք նկատել եք, նշանակում է, որ այդքան էլ աննկատ տեղի չի ունեցել: Այո՛, այդտեղ կան ձախողումներ, և այդ ձախողումների առիթով կան ուսումնասիրություններ, շարունակվում են ուսումնասիրությունները, և այդ ուսումնասիրությունների արդյունքում ես հույս ունեմ, որ մենք կստանանք պատասխաններ: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԱՆԻՖ-ի լուծարման վերաբերյալ հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դուք նշում եք ձախողված պրոյեկտները: Եթե ձախողված պրոյեկտների մասին խոսենք, էլի կարող ենք նշել ձախողված պրոյեկտներ, և ցանկացած երկրում պարտադիր կան ձախողված պրոցեսներ: Եթե ուզում ենք որևէ պրոցես չձախողվի, մենք պետք է մի բան անենք. որևէ պրոցես չնախաձեռնենք, իսկ դա իր հերթին նշանակում է ճահճացում: Այո՛, մենք պետք է աշխատենք՝ հասկանալով, որ այդ աշխատանքը ոչ միայն բերելու է արդյունքներ, այլև բերելու է հետևանքներ: Այո՛, պետք է վերլուծենք ամեն առանձին դեպքը: Ես ինչքան գիտեմ այդ փաստի առիթով քրեական գործ կա հարուցված: Եթե չեմ սխալվում, այդ քրեական գործը հարուցված է այդ թվում Պետական վերահսկողական ծառայության արած ուսումնասիրությունների հետևանքով, որը հասկանալիորեն տեղի է ունեցել իմ հանձնարարությամբ:
Այո՛, ես կիսում եմ մտահոգությունները և կարծում եմ, որ մենք պետք է ստանանք պատասխաններ: Բայց ոչ բոլոր նախագծերն են, որոնք մենք հիմա կարող ենք ասել, որ տեղի չեն ունենալու: Ես ինչքան գիտեմ, այդ թվում արևային ֆոտովոլտային կայանի նախագծի աշխատանքները շարունակվում են, և նախագիծը կիրագործվի այլ ձևաչափով, բայց որ պրոբլեմը կա՝ կա»,- ասաց վարչապետը: