Այնպես չէ, որ մենք սկզբունքորեն բացառում ենք որևէ միջնորդություն: Ամեն հարց պետք է դիտել իր կոնտեքստի մեջ: Որևէ միջնորդություն ընդունել-չընդունելու մեջ չէ հարցը, այլ դրա օգտակար գործողության հնարավոր գործակիցը քննարկելու: Այդ մասին օգոստոսի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված ՀՀ-ի համար անընդունելի է ինչպես ՌԴ-ի, այնպես էլ արևմուտքի՞ ցանկացած միջնորդություն:
«Մեր վերջին շփումների ժամանակ (Հայաստան-Ադրբեջան-խմբ.), երբ կար հավանականություն, որ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքը, կանոնակարգը կստորագրվի, այդ իրավիճակում ես հստակ ասել եմ, որ միջնորդության անհրաժեշտություն չկա, որովհետև եթե այդ պահին մենք որոշեինք, որ միջնորդ էինք ներգրավում, հնարավոր է՝ ամբողջ գործընթացն առնվազն անորոշ ժամանակով հետաձգվեր: Այսինքն՝ եթե տեսնում ենք, որ գնում ենք կոնկրետ թուղթ ստորագրելու, ինչո՞ւ ենք միջնորդներ ավելացնում, որ ի՞նչ ավելացնի միջնորդը:
Որևէ միջնորդություն ես չեմ բացառում, բայց էլի եմ ասում՝ կախված է տասնյակ հանգամանքներից, և գուցե ոչ տասնյակ, ավելի քիչ հանգամանքներից:
Բայց, մյուս կողմից, եթե ուղիղ ասեմ՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ, օրինակ, տարածաշրջանային կոմունիկացիաների հարցում որպես միջնորդ հանդես գա մի երկիր, որը ՀՀ-ին մեղադրում է այդ թեման սաբոտաժի ենթարկելու համար: Նման հայտարարություն անող ինստիտուտն իրեն դուրս է դնում բոլոր հնարավոր ինստիտուտներից:
Որտե՞ղ եք տեսել, որ միջնորդը մեղադրանք ներկայացնի, ընդ որում՝ բացարձակապես անհիմն, վերջում մենք գնանք, նստենք ու ասենք՝ արի՛, միջնորդությո՛ւն արա»,- պարզաբանեց Փաշինյանը: