Չէի ցանկանա քաղաքական գնահատական տալ հատկապես մամուլում հայտնված թղթին, չգիտեմ՝ ինչքանով են Դաշնակցության ներկայացուցիչները ընդունել, որ դա իրենց փաստաթուղթն է: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի՝ իր տրամադրության տակ հայտնված՝ ՀՅԴ Բյուրոյի շրջաբերականին վերաբերող հարցին, որը թվագրվում է 2022 թվականի ապրիլի 7-ով:
Լրագրողը մի հատված մեջբերեց ենթադրյալ շրջաբերականից, որում ասվում է, թե «Ռուսաստանը կարող է Արցախը իր ենթակայությանը ուղղակի ենթարկելու սցենար մշակել և գործադրել, որպեսզի հավանական միության դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն: Ժամանակակից աշխարհում տեղի ունեցած անկախ պետությունների համարկման գործընթացները ազգային շահի դիտանկյունից երբեմն ենթադրում են նաև անկախության աստիճանի որոշ նվազում»:
«Չեմ ցանկանում այդ մանրամասների մեջ խորանալ, բայց այդ փաստաթղթի կարիքը չկար մի շարք հարցերում գնահատականներ տալու, և ես կարծում եմ, որ այդ հարցերին գնահատականը տվել եմ՝ այդ թվում՝ ԱԺ-ում հենց ընդդիմության ներկայությամբ տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում:
Նոր էլ հղում արեցի ժամանակին իմ արած այն պնդմանը, որ ԼՂ հարցը իքս պահից ինչպես է ծառայել որպես գործիք՝ ՀՀ զարգացումը թույլ չտալու և ի վերջո Հայաստանին անկախությունից և ինքնիշխանությունից զրկելու:
Ձեր ասածը վկայում է, որ իմ ասած տրամաբանությունը՝ ԼՂ հարցն օգտագործել Հայաստանում պետականության կայացումը թույլ չտալու համար, Հայաստանի ներսում ունի շատ կոնկրետ կողմնակիցներ, և այդ կողմնակիցների հասցեները պարզ են, այլ բան, որ ՀՀ-ն, որպես ինքնիշխան պետություն, պետք է որոշի, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերում այն գործընթացների նկատմամբ, որոնց խորքում ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը նսեմացնելն է, և սա կարևորագույն հայեցակարգային հարց է, որի պատասխանը նույնպես ՀՀ-ն և նրա հիմնադիրը հանդիսացող ժողովուրդը պետք է տան:
Գուցե ճիշտ ժամանակն է այդ հարցի պատասխանը տալու, գուցե ժամանակը չէ՝ այդ հարցի պատասխանը տալու, գուցե պետք է թողնել, որ ժամանակը այդ հարցի պատասխանը տա: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ես չունեմ, ես այսօր չունեմ համոզմունք, որ պետք է գործել իմ ասած սցենարներով, բայց կարծում եմ նաև, որ կարող են լինել իրադարձություններ, բացահայտումներ, որոնք մեզ բոլորիս կօգնեն կողմնորոշվել, թե որ տարբերակն է ճիշտ»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ Civic.am-ը հրապարակել էր փաստաթղթերի լուսապատճեններ, որ, իր պնդմամբ, հատվածներ են Հայ Յեղափոխական Դաշնակցության 2022 թվականի շրջաբերականից: Դրանով կոչ է արվում վիժեցնել սահմանազատման գործընթացը, նաև կարծիք է հայտնվում, որ կարելի է ինքնիշխանության աստիճանն իջեցնել: Դաշնակցության պատասխանատուները նշում են, թե հրապարակված փաստաթղթերն իրական չեն, սակայն չեն էլ դիմել իրավապահներին: