Որոշումների գնահատման՝ նախկինում ունեցած մեր բանաձևումները պետք է մի փոքր վերանայենք, որովհետև բոլոր այն որոշումները, որ կայացվել են, սկսած նախորդ տարվա դեկտեմբերից, այդ թվում՝ գերիների վերադարձի մասով, շարունակած սույն թվականի ապրիլի 19-ի հայտարարությունը, սահմանազատման գործընթացը, երեկ ստորագրած փաստաթուղթը, դրանք ՀՀ օգտին են այն ընկալմամբ, որ նաև Ադրբեջանի օգտին են: Այս մասին այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խաղաղությունը սա է, որովհետև այն մյուսը պատերազմի ռեժիմ է, որ մեկը պետք է հաղթի, մյուսը՝ պարտվի»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ներկայումս Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ճակատագրին վերաբերող հարցին՝ վարչապետը՝ նշեց՝ այստեղ ևս շատ կարևոր հարցեր կան:
«Իսկ ինչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը:
Ո՞վ նրան այդ իմաստով ուղարկեց, գործուղեց Հայաստան, ո՞վ նրան գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ինչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով: Եվ ով վերջում ասաց՝ դե, գիտե՞ք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքն ով է, որովհետև ինքը, ոնց որ, այլ երկրի քաղաքացի է:
Մենք այս հարցերին ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե՞ չենք ուզում: Դա, իրոք, լուրջ խնդիր է, որով մենք պետք է զբաղվենք և զբաղվում ենք:
Ես հիմա չեմ ուզում այլ՝ լրացուցիչ բարդությունների մասին խոսել և մանրամասներ հայտնել, բայց ուզում եմ ասել նաև, որ խաղաղության օրակարգի հաջող իրականացումը նաև այդ հարցի համար է կարևոր:
Ընդ որում՝ պարտադիր չէ հաջող վերջնակետը: Պարտադիր է հաջող ընթացքը, նորմալ աշխատանքային մթնոլորտը, փոխվստահության ձևավորումը»,- արձագանքեց վարչապետը: