Ուզում եմ ասել, որ ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել, և ընդհակառակը՝ ԼՂ-ում այդ որոշումն ընդունելուց առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն, որը քաջալերվել և ողջունվել է ՀՀ-ում գործող՝ բոլորիս հայտնի շրջանակների կողմից: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, որը վերաբերում էր ԼՂ բնակիչների վերադարձի իրավունքի վերաբերյալ հարցին:
«Ինչ վերաբերում է վերադարձի իրավունքին, դրա մասին ուզում եմ հետևյալն ասել, որովհետև պարտավոր ենք ուղիղ և անկեղծ խոսել բոլոր հարցերի մասին՝ այն ընկալումներով, որոնցով ԼՂ-ի մեր մի խումբ հայրենակիցներ փորձում են ձևակերպել հարցը. ուղիղ պետք է ասեմ՝ ես դա իրատեսական չեմ համարում»,- ասաց վարչապետը՝ խնդրելով ուշադիր լինել ձևակերպումների նկատմամբ:
«Այն ընկալումներով և ձևակերպումներով, որոնցով ԼՂ-ի մի շարք ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ, խոսում են այդ հարցի մասին, դա իրատեսական չէ:
Ուզում եմ մի դրվագ պատմել, որը մի քանի ամիս առաջ էր: Աշխատանքային այցով Վայքում էի, ԼՂ-ից բռնի տեղահանված մի կին ինձ մոտեցավ և հարց տվեց, ասաց՝ անկեղծ ասեք, ինչքանո՞վ է իրատեսական վերադարձի հարցը: Ես էլի նույն պատասխանը տվեցի՝ այն ընկալումներով, որոնցով ԼՂ-ի մի շարք ներկայացուցիչներ փորձում են հարցը ներկայացնել և փաթեթավորել, ես դա իրատեսական չեմ համարում:
Այն նույն պատճառներով, որ պատճառներով այդ նույն մարդիկ ստորագրեցին ԼՂ-ի լուծարման մասին հրամանագիրը և րոպե առաջ լքեցին ԼՂ-ն»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ վերջերս այդ թեմային անդրադարձել է ԱԺ-ում:
Նրա խոսքով՝ 2023-ի սեպտեմբերին սոցցանցերում, մամուլում, ընդդիմության ներկայացուցիչների, նույնիսիկ քաղհասարակության ներկայացուցիչների կողմից կար մեղադրանք, որ ինքը թույլ չի տալիս, որ ԼՂ ժողովուրդը դուրս գա ԼՂ-ից:
«Հիմա էլ մի տարի հետո ինձ ասում են՝ թույլ չեմ տալիս, որ ԼՂ ժողովուրդը վերադառնա ԼՂ: Այն փաթեթավորումը, այն բովանդակությունը, որ ներկայացվում է, իմ համոզմամբ, հակասում է ՀՀ պետական շահերին: ՀՀ պետական շահը չափում եմ ՀՀ միջազգայնորեն տարածված տարածքներով և իրավազորությամբ: Եվ սա մենք ուղիղ պետք է ասենք»,- հավելեց վարչապետը:
Նրա խոսքով՝ կարևոր է, որ մենք ինքներս վերագնահատենք մեր անցած ճանապարհը:
«Ես այդ ճանապարհը վերագնահատելով՝ ասել եմ ԱԺ ամբիոնից, որ ինձ համար ակնհայտ է, որ 1996 թվականից հետո՝ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո, ԼՂ հարցը չի եղել ԼՂ հարց, եղել է ՀՀ հարց, Հայաստանի Հանրապետության պետականությունը զրոյացնելու հարց: Ժամանակի մեջ ես ավելի եմ դրանում համոզվում, որովհետև այն բովանդակությունը, որով փորձ է արվում ներկայացնել այդ խնդիրը, հակասում է ՀՀ պետական շահերին»,- ասաց Փաշինյանը: