ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Երևանի դպրոցների կողմից ներկայացված նախագծային աշխատանքներն ամփոփող կրթական էքսպոյին, որտեղ ներկայացված էին նախագծեր 21 դպրոցներից: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ նախարարը շրջել է տաղավարներում, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ:
Այնուհետև, Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրերով է խրախուսել չափորոշչի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում Երևան քաղաքից լավագույնը ճանաչված տնօրեններին և ուսուցիչներին։ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ակտիվ մասնակցության համար: Միջոցառմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Հիշեցնենք՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ անցկացվող օգոստոսյան ավանդական խորհրդակցություններն այս տարի կազմակերպվում են նոր ձևաչափով:
Խորհրդակցություններին համընթաց առաջին անգամ ՀՀ բոլոր մարզերում և Երևանում անցկացվում են կրթական էքսպոներ՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբակավարների մասնակցությամբ, որոնք գործընկերների հետ կիսվում են իրենց առաջավոր փորձով:
«Նախորդ տարվա հաջողություններն ու ձեռքբերումները ոգևորում են մեզ՝ նոր ուսումնական տարում էլ ավելի մեծ ոգևորությամբ և ջանքերով շարունակել մեր աշխատանքը: Հենց այս պատճառով որոշեցինք այս տարի փոքր-ինչ փոխել օգոստոսյան խորհրդակցությունների ձևաչափը՝ կրթական բովանդակություն և միջավայր տեսնելու հնարավորություն ապահովելով: Սա նաև առիթ է՝ իրականացված մեծ ու կարևոր աշխատանքը գնահատելու և շնորհակալություն հայտնելու: Ձեր ամենօրյա աշխատանքը շատ հաճախ իրականացնում եք բավական դժվար ու բարդ մարտրահրավերային իրավիճակներում: Ձեր կատարած ջանադիր աշխատանքի առաջին շահառուները մեր երեխաներն են, հետևաբար ձեր աշխատանքն ամենակարևորն է»,- տնօրեններին և ուսուցիչներին ուղղված խոսքում ասել է Ժաննա Անդրեասյանն ու հաջողություն մաղթել նրանց նոր ուսումնական տարում:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ Ուսուցչի օրվան ընդառաջ կկազմակերպվի «Տարվա լավագույններ» մրցույթը, որին կմասնակցեն նախորդ ամիսներին լավագույնը ճանաչված մանկավարժական աշխատողները:
Ամսվա լավագույնի կոչմանն արժանացած մանկավարժներից մեկը Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Լուսինե Մուշեղյանն է, որն իր 7-րդ դասարանի աշակերտների հետ նախագծային աշխատանքը ներկայացրել է «Կենսաբանություն» առարկայի շրջանակում՝ «Բակտերիաների և խմորասնկերի կիրառությունը» խորագրով: Սակայն նրանց ներկայացված նախագծերն առնչվում են են ոչ միայն կենսաբանությանը, այլև տարբեր միջառարկայական կապեր են ներառում:
«Ներկայացված է լավաշի, չրերի, պանրի, մածունի, գինու արտադրությունը, որը կապված է նաև «Տեխնոլոգիա» առարկայի հետ: Երեխաները պատրաստել են նաև մոդելներ, աղյուսակներ՝ մածունի թթվեցման ջերմաստիճանի և ժամանակահատվածի վերաբերյալ, որն էլ «Մաթեմատիկա» առարկայի հետ է կապված: Ապահովել ենք այն 8 կարողունակությունները, որոնք անհրաժեշտ են միջնակարգ կրթության համար՝ ըստ հանրակրթության նոր չափորոշչի: Կարծում եմ՝ այս նախագծային աշխատանքի արդյունքում երեխաներն էլ ավելի սիրեցին «Կենսաբանություն» առարկան: Մեզ համար շատ կարևոր էր, որ երեխաները նոր գիտելիքներ ստանան գործնական աշխատանքների միջոցով, քանի որ կատարելով սովորելն էլ ավելի հեշտ ու հետաքրքիր է աշակերտների համար, քան միայն տեսական գիտելիքներ ստանալը»,- նշում է Լուսինե Մուշեղյանը:
Նրա խոսքով՝ երեխաների կողմից հետաքրքրությունը բավական մեծ էր, ինչի արդյունքում 24 աշակերտ ցանկացել է մասնակցել նախագծային աշխատանքին: Այս նպատակով աշխատանքը բաժանվել է տարբեր փուլերի և թեմաների, որպեսզի բոլոր երեխաները կարողանան իրենց մասնակցությունն ունենալ:
«Չափորոշչի շրջանակում նախագծային աշխատանքի ներդրումը հրաշալի էր մեզ համար: Մինչ այդ էլ դպրոցում ունենալով էկոլոգիայի խմբակ և իրականացնելով նախագծային աշխատանքներ՝ արդեն գիտեինք նախագծային աշխատանքի գործնական կիրառության հրաշալի ազդեցության մասին: Սա նաև էապես օգնում է աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը»,- եզրափակում է Երևանի թիվ 108 դպրոցի ուսուցիչը:
7-րդ դասարանի աշակերտ Մանե Ալեքսանյանի խոսքով՝ նախագծային աշխատանքն իրականացրել են մեծ ոգևորությամբ, ստացել են նորանոր գիտելիքներ ու առարկայի հանդեպ լցվել են նոր հետաքրքրությամբ. «Նախագծի շրջանակում իրականացրել ենք թղթի, թափոնի վերամշակում, ջրի ֆիլտրում, ստացել ենք նորանոր գիտելիքներ ու մեծ հետաքրքրություն է առաջացել առարկայի նկատմամբ: Մենք նաև գինի ենք պատրաստել, խնամքի միջոցներ, օծանելիք: Այս աշխատանքը շատ հետաքրքիր էր: Այն մեր առաջին փորձն էր, բոլորս մեծ ոգևորությամբ ենք մասնակցել աշխատանքներին: Սովորեցինք միասին աշխատել, գործնականում տեսնել տարբեր առարկաների կապը»:
Նշենք, որ կրթական էքսպոյին մասնակցում էին Երևանի հիմնական և ավագ դպրոցները: Հաջորդաբար տեղի է ունեցել նշված հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունը: