2024 թվականի օգոստոսի 30-ին «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ 32-ամյա տղամարդը, բազմաթիվ կտրած-ծակած վերքերով, մահացած վիճակում, հարազատների կողմից տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ վերոգրյալի հիման վրա նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի վայր է հանդիսանում Արարատի մարզի Այգավան բնակավայրի Մակուի փողոցի տներից մեկի դիմացի հատվածը։
Դեպքի վայրի զննությամբ նշված հատվածում` գետնին ու ավտոտնակի դարպասներին, հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնցից վերցվել են նմուշներ, ինչպես նաև գետնին հայտնաբերվել են սև գույնի գլխարկ և այլ իրեր, որոնք վերցվել և փաթեթավորվել են:
Նույն օրը կատարված դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ, որոշակի հեռավորության վրա` ծառի տակ, խոտերի մեջ, հայտնաբերվել ու վերցվել է ենթադրյալ հանցագործության գործիք դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:
Վարույթով նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև` դատագենետիկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, վերջիններիս հայտնաբերելու, հանցագործության շարժառիթը, ինչպես նաև՝ դեպքին հնարավոր ականատես անձանց ի հայտ բերելու ուղղությամբ։
Այդ, ինչպես նաև նախաքննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ տվյալներ ձեռք բերելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: