Եվրամիության երկրների պաշտպանության նախարարները համաձայնության չեն հասել Ուկրաինա մատակարարվող զենքի՝ Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար օգտագործման սահմանափակումների համատեղ վերացման մասին: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում Միության 27 երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ դա երկկողմ որոշում է, որը պետք է կայացնեն այն երկրները, որոնք զենք են մատակարարում Կիևին։ Բորելը նշել է, որ ինքն անձամբ հավանություն է տալիս Ռուսաստանի տարածքում հարվածների սահմանափակումների վերացմանը, քանի որ Ուկրաինան դրանով իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ միջազգային իրավունքին համապատասխան։
Դիվանագետը տեղեկացրել է նաև, որ ԵՄ-ի հրահանգիչների կողմից Ուկրաինայի զինված ուժերի վերապատրաստումը չի անցկացվի Ուկրաինայի տարածքում, սակայն տեղի կունենա երկրին հնարավորինս մոտ։
Բորելը նաև նշել է, որ ԵՄ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային հասել է 43,5 մլրդ եվրոյի, իսկ քաղաքացիական օգնության հետ մեկտեղ այն արդեն կազմել է մոտ 100 մլրդ եվրո: