Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ավարտին հայտարարել է, որ Բրյուսելում չափազանց մտահոգված են Վրաստանի քաղաքականությամբ, որը ըստ միավորման գլխավոր դիվանագետի, հեռանում է Եվրամիությունից։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում մեկնաբանել են Բորելի հայտարարությունները՝ դրանք որակելով «սպառնալիք»։ Խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին Բորելին մեղադրել է եվրոպական և վրացական հասարակությանը սխալ տեղեկատվություն տրամադրելու համար։
Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարել էր, որ դադարեցրել է Միությանը Վրաստանի անդամակցության գործընթացը՝ ի պատասխան «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման և Վրաստանի իշխանությունների այլ գործողությունների պատճառով: Բրյուսելը նաև որոշել է կրճատել քաղաքական շփումները Վրաստանի իշխանությունների հետ և սկսել է վերանայել կառավարությանը տրամադրվող ֆինանսական օգնությունը: