Այսօր՝ օգոստոսի 30-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ, օրակարգում՝ «ՆԵՏՔՈՄ» ՍՊ ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի, «Շանթ» և «Մարտունի ՏՎ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը որոշեց բավարարել «ՆԵՏՔՈՄ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա:
Ներկայացնելով օրակարգային երկրորդ հարցը՝ Հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս տեսալսողական մեդիածառայություն մատուցող «Շանթ» ՍՊ ընկերության գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է Հեռարձակողի «Շանթ» տեսալսողական ծրագրի կողմից Օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթի պահանջի խախտման փաստ։ Ըստ կազմված արձանագրության՝ Հեռարձակողի «Շանթ» տեսալսողական ծրագրի 2024 թվականի օգոստոսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում հեռարձակված «Անծանոթը» հեռուստասերիալը պարունակել է ծխելու տեսարաններ, որոնք սակայն չեն ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։
Հեռարձակողի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որի մասին ծանուցվել է Հեռարձակողին՝ հայտնելով, որ հարցի վերաբերյալ կարող է ներկայացնել պարզաբանումներ և բացատրություններ։
Հարուցված վարչական վարույթի ընթացքում Հեռարձակողը Հանձնաժողով ներկայացրած իր պարզաբանման մեջ հայտնել է, որ «Անծանոթը» հեռուստասերիալը պարունակել է ծխելու տեսարաններ, քանի որ տեղի է ունեցել հեռարձակող համակարգչի (տիտրավալկա) խափանում, և նշված օրերին չեն կարողացել պատշաճ հեռարձակել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառումը։
Այսպիսով, Հեռարձակողը փաստացի ընդունել է իրավախախտման փաստը, որի մասին նշել է իր պարզաբանման մեջ, իսկ Հանձնաժողովը վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության և համադրման արդյունքում արձանագրել է Հեռարձակողի կողմից իրականացված իրավախախտում, որը համապատասխանում է օրենքի 57-րդ հոդվածի 24-րդ մասի հատկանիշներին։
Այսպիսով ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով՝ Հանձնաժողովը որոշեց «Շանթ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 24-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով 182 383,13 (մեկ հարյուր ութսուներկու հազար երեք հարյուր ութսուներեք դրամ տասներեք լումա) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
Անդրադառնալով օրակարգային վերջին հարցին՝ նշվեց, որ Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս ցանցային օպերատորի գործունեություն իրակականացնող «Մարտունի ՏՎ» ՍՊ ընկերության գործունեության մշտադիտարկում՝ տեղում դիտարկում իրականացնելու նպատակով իր աշխատակցին գործուղել է ցանցային օպերատորի գործունեության կայան, որը 2024 թվականի օգոստոսի 12-ին ժամը 14։00-ին փակ է եղել։ Հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն առ այն, որ ցանցային օպերատորի փաստացի գործունեության գրասենյակը փակ է եղել, իսկ ցանցային օպերատորի ներկայացուցչի հետ կապ հաստատելուց հետո տրվել է հավաստիացում, որ գրեթե 2 ամիս իրենց կողմից տեսալսողական հաղորդումների վերահաղորդում չի իրականացվում, ենթակառուցվածքը գտնվում է հոսանքազրկված և անաշխատ վիճակում։ Հանձնաժողովն արձանագրել է նաև, որ դիտարկման պահին ցանցային օպերատորի փաստացի գործունեության տարածքը հոսանքազրկված է եղել։
Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ, ծանուցել ցանցային օպերատորին և հայտնել, որ այս հարցի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց պարզաբանումներն ու բացատրությունները:
Հարուցված վարչական վարույթի ընթացքում Հանձնաժողով մուտքագրված դիմումով ցանցային օպերատորը հայտնել է, որ արդեն իսկ վերսկսել է իր գործունեությունը և փաստացի իրականացնում է իրեն տրամադրված լիցենզիայով նախատեսված գործունեությունը։
Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ լիցենզիա ստացած ցանցային օպերատորն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների վերահաղորդում։ Այսպիսով, ցանցային օպերատորի կողմից իրականացվել է իրավախախտում։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքների դրույթներից` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց կիրառել վարչական տույժ, կասեցնել «Մարտունի ՏՎ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը 10 օր ժամկետով: