ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն օգոստոսի 30-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որի օրակարգում նախորդ օրը հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկված և դրական եզրակացություն ստացած «Սոցիալական աջակցության մասին» ու հարակից օրենքներում, «Պետական նպաստների մասին» ու կից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթների դրույթների մանրամասն քննարկումն էր:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը պատգամավորներին է ներկայացրել քաղաքացիների անապահովությունը գնահատող նոր համակարգի մանրամասները: Փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում աղքատության վերաբերյալ ցուցանիշները, անդրադարձել առաջարկվող համակարգի ներդրումից հետո ակնկալվող փոփոխություններին:
Մասնավորապես, նպաստների գործող համակարգի փոխարեն նախատեսվում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ, որի նպատակն է համակարգն ավելի հասցեական, թիրախային և արդյունավետ դարձնելը: Նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման արդյունքում ավելի շատ զարգացնել ծառայությունների դաշտը, քան պարզապես դրամական միջոցների նպաստներով սահմանափակել սոցիալական աջակցությունը:
Համակարգը հիմնված է լինելու կարիքի իրական գնահատման և համաչափ սոցիալական ծառայություններ տրամադրելու սկզբունքի վրա, որը խրախուսելու է անձի սոցիալ-տնտեսական ակտիվությունը:
Քննարկման ընթացքում ընդգծվել է գործող համակարգն արդիականացնելու անհրաժեշտությունը: