Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։
«Օգոստոսի 30-ը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է:
Մարդկանց բռնի անհետացումը միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված մի շարք իրավունքների խախտում է։
Դժբախտաբար, աշխարհում ընթացող զինված հակամարտությունները նպաստում են բռնի անհետացումների շարունակականությանը՝ տառապանք պատճառելով ինչպես բռնի անհետացած անձանց, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամներին։
Բռնի անհետացած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորման հարցը մեզ համար էլ շարունակում է արդիական մնալ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այս տարիների ընթացքում հավաքագրել և միջազգային տարբեր դերակատարներին է ներկայացրել Ադրբեջանի իշխանությունների կողմից էթնիկ հայերի իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում՝ բռնի անհետացած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքների խախտումների տեսանկյունից։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունն իմ գործունեության առաջնահերթություններից է։
Թե՛ ես, թե՛ իմ աշխատակազմը պարբերաբար հանդիպումներ ենք ունենում անհայտ կորած անձանց հարազատների հետ․ խնդիրները տարբեր ձևաչափերով ներկայացվում են միջազգային դերակատարներին և ներպետական իրավասու տարբեր մարմիններին։
Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ պետությունը կրում է պարտականություն՝ գործադրելու միջազգային իրավունքում առկա կառուցակարգերն ու շարունակելու իր ջանքերը՝ ուղղված անհայտ կորած բոլոր անձանց ճակատագրերը պարզելուն և նրանց ընտանիքների անդամների իրավունքների ապահովմանը»,- ասված է ուղերձում: