Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքը վարձակալության տրամադրման դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում հարկային մարմին հայտարարություն ներկայացնելու պահանջի կատարման նկատմամբ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացվել են հսկողական աշխատանքներ։
2024 թվականի առաջին կիսամյակում ՀՕՀ վարչության աշխատակիցների կողմից կատարվել է այցելություն Երևանի և մարզերի շուրջ 300 հասցեներում։ Արդյունքում մի քանի տասնյակ դեպքերով ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, բացահայտված անշարժ գույքի ապօրինի վարձակալության դեպքերի մասով կազմվել են արձանագրություններ, որոնք ուղարկվել ՊԵԿ իրավաբանական վարչություն։ Հնարավոր վարչական ակտերի ընդհանուր գումարը կազմում է 11 մլն 691 հազար դրամ։
Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում սահմանված կարգով (ՀՀ ՊԵԿ նախագահի 01.12.2023 թ. թիվ 1263-Ն հրաման) 18 932 քաղաքացու կողմից հարկային մարմին է ներկայացվել անշարժ գույքի վարձակալության 28 238 հայտարարություն, իսկ օգոստոսի 28-ի դրությամբ ներկայացվել է անշարժ գույքի վարձակալության 35 557 հայտարարություն՝ 22 055 քաղաքացու կողմից:
Կոմիտեն ողջունում է կամավոր հարկային կարգապահություն ցուցաբերած քաղաքացիներին՝ կարևորելով օրենքի պահանջների հետևողականորեն պահպանումը և անշարժ գույքը վարձակալության տրամադրելու վերաբերյալ սահմանված կարգով հարկային մարմին հայտարարություն ներկայացնելը։
ՊԵԿ-ը, միաժամանակ, ֆիզիկական անձանց հորդորում է կամավոր հարկային կարգապահության շրջանակում ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր` հարկային մարմնի վարչարարության արդյունքում կիրառվող տույժերից և տուգանքներից զերծ մնալու համար: