«Ռոսստատն» ամբողջությամբ դադարեցրել է Ռուսաստանում նավթամթերքների արտադրության ծավալների վերաբերյալ տվյալների հրապարակումը։ Նման որոշում է կայացրել Ռուսաստանի կառավարությունը՝ դա բացատրելով «տեղեկատվական անվտանգության» նկատառումներով։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, դիզելային վառելիքի, մազութի, հեղուկացված պրոպանի և բութանի, քարածխից կոքսի արտադրության ամսական ծավալներին։
2023 թվականի ապրիլին Ռուսաստանը դադարեցրել է նավթի և գազի արդյունահանման վերաբերյալ վիճակագրական տվյալների հրապարակումը՝ դա հիմնավորելով «նավթամթերքի շուկայի տեղեկատվական անվտանգության» նկատառումներով։ Այնուհետև Ռուսաստանում ածխաջրածինների արտադրության վիճակագրության հրապարակման արգելքը երկարացվել է մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը։
Ի վերջո, մայիսին որոշվել է այլևս չհրապարակել բենզինի արտադրության վերաբերյալ տվյալները։ Կառավարությունն այդ որոշումները պատճառաբանել է մտահոգությամբ, որ «ընթացիկ աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին նման տեղեկատվության բացահայտումն անբարեխիղճ մասնակիցները կարող են օգտագործել շուկան մանիպուլյացիայի ենթարկելու համար»: