Դատական վերահսկողության տակ գտնվող Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Ֆրանսիայում պետք է ապրի դատավորի որոշած հասցեում՝ գրում է Liberation-ը՝ վկայակոչելով Փարիզի դատախազության պարզաբանումները։
Հստակեցվել է, որ ձեռնարկատերը ստիպված չի լինի կրել էլեկտրոնային ձեռնաշղթա, քանի որ նա տնային կալանքի տակ չէ, հետևաբար, կարող է շրջել Ֆրանսիայի տարածքում՝ դատարանի հաստատած սահմանափակումները պահպանելու պայմանով, օրինակ՝ պարբերաբար այցելել ոստիկանական բաժանմունք։ Տեղափոխվելիս նա պետք է դատավորի հետ համաձայնեցնի նոր հասցեն, պետք է շաբաթը երկու անգամ ներկայանա ոստիկանություն։
Դատախազությունը հայտնել է նաև, որ առգրավվել են Դուրովի բոլոր անձնագրերը։ Նա ազատ է արձակվել դատական հսկողության ներքո 5 միլիոն եվրո գրավի դիմաց:
Օգոստոսի 28-ին Փարիզի դատախազությունը հայտարարել է, որ Դուրովին մեղադրանք է առաջադրվել Telegram-ի միջոցով հանցավոր բովանդակությամբ նյութերի տարածմանը չհակազդելու համար։ Դատախազության տվյալներով՝ նա կասկածվում է 12 հանցագործության հարցով՝ բոլորն էլ կապված են Telegram-ի օգտագործման հետ։ Մասնավորապես, նշվել է դրա միջոցով իրականացվող անօրինական գործարքների և խարդախների կողմից որպես հարթակ օգտագործելու մասին։
Դուրովի փաստաբանը մեղադրանքներն անհեթեթ է անվանել։