ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ-ին առաջարկել է պատժամիջոցներ կիրառել իսրայելական կառավարության երկու անդամի՝ ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի և ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրի դեմ: Այդ մասին հայտնել է գերմանական dpa գործակալությունը՝ հղում անելով ԵՄ պաշտոնյաներին:
Պատժամիջոցները, որոնք առաջարկում է Ժոսեպ Բորելը, ենթադրում են Բեն-Գվիրի և Սմոտրիչի ակտիվների սառեցում Եվրամիությունում և ԵՄ նրանց մուտքի արգելք:
Վերջերս Բեն-Գվիրը կոչ էր արել դադարեցնել օգնության մատակարարումները Գազայի հատված՝ ՀԱՄԱՍ-ի վրա ճնշում գործադրելու նպատակով: Նմանատիպ հայտարարություն է արել նաև Սմոտրիչը՝ առաջարկելով արգելափակել օգնության մատակարարումները, քանի դեռ ՀԱՄԱՍ-ի գերեվարած բոլոր իսրայելցի պատանդները չեն ազատվել: Նախարարը դա համարել է բարոյապես արդարացված քայլ, նույնիսկ եթե այն խլի Գազայի հատվածի 2 միլիոն բնակչի կյանքը:
Երկու նախարարն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջակողմյան կոալիցիոն գործընկերներն են: Նրանք օկուպացված տարածքներում վերաբնակեցման քաղաքականության կողմնակիցներ են, որը ՄԱԿ-ի բարձրագույն դատարանը անօրինական է համարել, և կտրականապես դեմ են ՀԱՄԱՍ-ի հետ հնարավոր զինադադարին: