Փաթեթով սահմանվում են այն իրավական հիմքերը, որոնցով անապահովության գնահատման նոր համակարգի միջոցով նոր անապահովության նպաստ կտրամադրվի քաղաքացիներին՝ գործող ընտանեկան և սոցիալական նպաստի փոխարեն: ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի արտահերթ նիստում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ ներկայացնելով ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, որի նպատակն այն է, որ համակարգը լինի ավելի հասցեական, թիրախային և արդյունավետ: Նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման արդյունքում ավելի շատ զարգացնել ծառայությունների դաշտը, քան պարզապես դրամական միջոցների նպաստներով սահմանափակել սոցիալական աջակցությունը:
Համակարգը հիմնված է լինելու կարիքի իրական գնահատման և համաչափ սոցիալական ծառայություններ տրամադրելու սկզբունքի վրա, որը խրախուսելու է անձի սոցիալ-տնտեսական ակտիվությունը:
Ըստ փաթեթի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք կունենա ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքը, որի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմից:
Ելնելով ծայրահեղ աղքատության վերացման նպատակադրումից՝ այդ շեմը սահմանվելու է այնպես, որ անապահովության նպաստի նոր համակարգում ընդգրկվեն այն ընտանիքները, որոնց մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտի չափը ցածր է պարենային զամբյուղի արժեքի նկատմամբ հաշվարկվող տոկոսի արժեքից:
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է առաջարկներ, որոնք հեղինակի կողմից ընդունելի են եղել: Դրանք վերաբերել են կեղծ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում նպաստի նշանակումը դադարեցնելուն և երեխայի՝ պարտադիր կրթությունից դուրս չմնալու նպատակով տարիքը նշելու դրույթին: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է չնշել երեխայի տարիքը, քանի որ նա կարող է մեծ լինել 18 տարեկանից:
Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն կընդգրկվի ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: