Վրաստանի Սահմանադրական դատարանը սկսել է քննել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու, ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների պատգամավորների հայցերը, որոնք պահանջում են կասեցնել և չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։
Վրաստանի խորհրդարանի ընդունած օրենքը նախատեսում է արտերկրից իրենց եկամուտների ավելի քան 20 %-ը ստացող ոչ կառավարական կազմակերպությունների և լրատվամիջոցների ֆինանսական հայտարարագրերի գրանցումն ու թափանցիկությունը:
Նման կազմակերպությունների գրանցումը Վրաստանի ֆինանսների նախարարության ռեգիստրում պետք է սկսվեր օգոստոսի 1-ին, սակայն այն դեռ տեղի չի ունեցել։ Հասարակական կազմակերպությունները սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը:
Այս օրենքի ընդունմանը չափազանց բացասական են արձագանքել ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, որոնք դադարեցրել են ֆինանսական օգնության մի մասը Վրաստանին մի շարք ուղղություններով, այդ թվում՝ ռազմական ոլորտում։
Սահմանադրական դատարան ներկայացված հայցերում, մասնավորապես, ասվում է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը հակասում է Վրաստանի Սահմանադրության սկզբունքները, հակասում դրանց և խոչընդոտում է երկրի եվրատլանտյան կառույցներին անդամակցելու գործընթացը։
Նախագահը, ընդդիմադիր պատգամավորները և հասարակական կազմակերպությունները Սահմանադրական դատարանից պահանջում են կասեցնել օրենքի կիրառումը մինչև վերջնական որոշման կայացումը: