Հայաստանում սպանդանոցային ցանցը և սպանդանոցային մորթի տարածվածությունը ընդլայնելու, նաև պարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների տեխնոլոգիական հագեցվածության մակարդակի շարունակական բարձրացման նպատակով ծրագիր է մշակվել, որը Կառավարության օգոստոսի 29-ի նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նախարարը հիշեցրեց՝ կա Կառավարության որոշում, համաձայն որի՝ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցություն է տրամադրվում: Ծրագիրն ունի սահմանաչափ, այն է՝ 1 տնտեսվարողի համար ցանկացած լիզինգի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 1 մլրդ դրամը, այսինքն՝ եթե տնտեսվարողն ունի 1 մլրդ դրամի ծանրաբեռնվածություն, այլ ագրոպարենային սարքավորում չի կարող ձեռք բերել, եթե պարտավորությունն իջել է 800 մլն դրամի, ապա կարող է 200 մլն դրամի ձեռք բերել:
Տնտեսվարողների հետ քննարկումները և շուկայի զարգացումները ցույց են տվել, որ շահառուները բավականին լավ օգտվել են ծրագրից, մարումների լավ արդյունքներ ունեն, ուստի նոր պահանջ ունեն. «Նրանք պահանջ են դնում, որ ցանկալի կլիներ այդ շեմը բարձրացնել: Մենք առաջարկում ենք այս 1 մլրդ դրամի շեմը բարձրացնել 2 մլրդ դրամի»:
Մյուս առաջարկը վերաբերում է մոդուլային սպանդանոցներ հիմնելուն, այս դեպքում ևս առաջարկվում է շեմը բարձրացնել 1 մլրդ դրամից մինչև 2 մլրդ դրամ:
Մյուս ուղղությունը լիզինգի տոկոսադրույքին է վերաբերում: Այն 13,5-ից մինչև 15 տոկոս է՝ կախված պայմաններից և բանկերից. «Մենք փոխհատուցում ենք 10 տոկոսը, առաջարկում ենք փոխհատուցել 12 տոկոսը»:
Մեկ այլ փոփոխություն վերաբերում է լիզինգի կանխավճարին: Լիզինգի ձեռբերման ժամանակ տնտեսվարողը պետք է 20 տոկոս կանխավճար մուծի, բայց եթե տնտեսվարողը շարժական կամ մոդուլային սպանդանոց ձեռք բերի, ապա կանխավճարի 80 տոկոսը կսուբսիդավորի պետությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ նմանատիպ ծրագրերի համար ժամանակին ցածր շեմեր էին սահմանվում, դրանց տրվում էր սոցիալական ուղղվածություն, բայց պարզվեց, որ սահմանաչափերը փոքր են, և արդյունքում աշխատել ցանկացողները չեն կարողանում աշխատել, իսկ նրանց, ում պետությունն ուզում է ծառայություն մատուցել, չեն ուզում օգտվել ծրագրերից:
«Մենք քայլ-քայլ փոխում ենք մոտեցումը, և մեր մոտեցումը հետևյալն է, որ եթե մարդը աշխատում է, և լավ է աշխատում, ավելին է ուզում անել, մենք պետք է աջակցենք, որովհետև իրենք են լոկոմոտիվը, իրենք պետք է մյուսներին հետևներից տանեն»,- ասաց Փաշինյանը և հիշեցրեց, որ լիզինգի ծրագրի առանձնահատկությունը պարտադիր պայմանն է, այն է՝ տնտեսվարողը պետք է ձեռք բերի չօգտագործված տեխնիկա: