Նոր ուսումնական տարին լինելու է բարդ, որովհետև նոր չափորոշչի ներդրման գործընթացում ենք, և ևս 4 դասարանում՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, նոր չափորոշիչ է ներդրվելու: Դրանք կգումարվեն նախորդ տարվա 3 դասարաններին, և արդեն 12-ից 7 դասարաններում՝ կաշխատենք նոր չափորոշչով: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 29-ի նիստին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը հավելեց, որ իրականացվել է նաև նոր դասագրքերի տպագրման գործընթաց:
«Այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, մենք նաև ժամանակի որևէ ձգձգում չենք ունենա և կկարողանանք ժամանակին [հասցնել]:
Արդեն իսկ դասագրքերի մեծ մասը դպրոցներում է, մնացած մասը կհասնի մինչև այս շաբաթվա վերջ, և սեպտեմբերի հենց առաջին օրվանից ամբողջական փաթեթով երեխաները կկարողանան իրենց դասապրոցեսն իրականացնել»,- ասաց նախարարը:
Ըստ Անդրեասյանի՝ մնացած բոլոր նախապատրաստական աշխատանքները նույնպես իրականացվել են, և ուսումնական տարին հաջող սկսելու որևէ խոչընդոտ չկա: