ԿԳՄՍՆ-ն փոփոխություններ է առաջարկում ուսուցիչների վերապատրաստման կարգում: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության օգոստոսի 29-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը հիշեցրեց՝ այս տարի առաջին անգամ կիրառվել է նոր համակարգ, այն է՝ ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգի բարեփոխում, համաձայն որի՝ բոլոր ուսուցիչները մեկ միասնական ծրագրով վերապատրաստվելու փոխարեն կվերապատրաստվեն ըստ գնահատված կարիքի: Այն է՝ յուրաքանչյուր ուսուցիչ նախ ինքն է գնահատում իր մասնագիտական կարիքները, ապա այդ գնահատումն իրականացնում է դպրոցը, գնահատված կարիքի հիման վրա էլ ուղղորդվում է, թե որ ուղղությամբ ուսուցիչը կարիք ունի վերապատրաստվելու, սակայն նոր գործընթացի իրականացման արդյունքում պարզվել է, որ համակարգը հավելյալ ճշգրտումների կարիք կա:
«Այս փոփոխությունների արդյունքում շատ ավելի հստակ է դառնում ուսուցչի վերապատրաստման պարբերականության որոշման հարցը: Ընդ որում՝ շրջափուլն ավելի կարճ է ավելի ցածր մակարդակի պարագայում, այսինքն՝ եթե պարզ է դարձել կարիքի գնահատման արդյունքում, որ ուսուցիչն ավելի տարրական մակարդակի հմտություններ ու կարողություններ ունի (այս պարագայում շրջափուլը 1 տարի է), և ավելի երկար է, եթե ունենք ավելի բարձր մակարդակ, այսինքն՝ ավելի փորձառու և հմտությունների բարձր որակ ունեցող ուսուցիչներ, որոնց դեպքում շրջափուլը կարող է հասնել մինչև 5 տարվա»,- ասաց նա:
Հստակեցվել են նաև առարկայական գիտելիքի իմացության բարելավման կարիք ունեցող ուսուցիչների կողմից առարկայական վերապատրաստման, այնուհետև կամավոր ատեստավորման եղանակով առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու դրույթները, որոնց համար հերթական ատեստավորումը նույնանում է կամավոր ատեստավորման հետ:
«Սա նշանակում է, որ եթե ուսուցչի կարիքը գնահատվել է առարկայական գիտելիքի իմացության ուղղությամբ, ապա պարտադիր է, որ նա առարկայական գիտելիքի վերապատրաստում անցնի, ապա անցնի կամավոր ատեստավորման գործընթացին»,- ասաց նախարարը և հավելեց, որ հստակեցվել են նաև մինչև 5 տարվա փորձառություն ունեցող ուսուցիչների կարիքների գնահատման դրույթները:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ արդեն 600-ից ավելի ուսուցիչ գնահատվել է: Նրանցից 543-ն այս պահի դրությամբ գնահատվել է որպես տարրական մակարդակում վերապատրաստման կարիք ունեցող, այսինքն՝ նրանք կմասնակցեն նաև կամավոր ատեստավորման գործընթացին: Վերապատրաստումն իրականացնելու է երաշխավորված 24 կազմակերպություն: