ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով՝ հաստատվել է 2024-2025 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հիշեցնենք՝ ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի։ Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերը և բրայլյան տառատեսակով տպագրվող դասագրքերը ևս տրամադրվում են անվճար՝ պետական միջոցների հաշվին:
5-12-րդ դասարաններում սովորողների դասագրքերը տրամադրվում են տարեկան վարձավճարով: Նշված դասարանների դասագրքերի համար սահմանվել է առնվազն 5 տարի օգտագործման ժամկետ:
ՀՀ դպրոցներում հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացով պայմանավորված` 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում, իսկ 2024/25 ուսումնական տարվանից նաև 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում ուսուցումն իրականացվելու է նոր ստեղծված դասագրքերով: Նոր դասագրքերի համար սահմանված վարձավճարի չափերը (բացառությամբ 2-րդ և 3-րդ դասարանների դասագրքերի, որոնք տրամադրվում են անվճար) հիմնականում նվազել են, որը պայմանավորված է դասագրքերի ստեղծման համար սահմանված նոր ընթացակարգերով: