Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր ներկա է եղել Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
«Անչափ ուրախալի միջոցառման ենք մասնակցում, հերթական տոնն է բոլորիս համար, քանզի ընդունված է կրթօջախի բացումը տոն համարել: Շնորհավորում եմ բոլորիդ։ Մեր կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը կրթության որակի բարձրացումն է, կրթական պայմանների բարելավումը, հենց այդ նպատակով է մեկնարկել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը։ Իսկ պետություն-համայնք համագործակցության լավագույն օրինակ հանդիսացող սուբվենցիոն ծրագրերը բեկում են մտցրել բոլոր մարզերում, ինչպես և Շիրակում։
Բայանդուրի մանկապարտեզի կառուցման 273 մլն 801 հազար դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրի գումարի 80 տոկոսը պետությունն է հատկացրել։ Կատարվել է ծավալուն աշխատանք, որի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր պատասխանատուներին և շինարարին։ Մնում է, որ մեր երեխաները լավ սովորեն, նորանոր հմտություններ ձեռք բերեն և, ամենակարևորը, դպրոց գնան նոր գիտելիքներով ու առավել պատրաստված»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետը։
Երկու փուլով իրականացված սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար, ունի բոլոր հարմարությունները, կառուցվել է ապաստարան, բարեկարգվել է բակը։ Մարզպետն ու համայնքապետը շրջել են մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին։
Մարզպետը կարևորել է բոլոր կառույցների համատեղ աշխատանքը՝ նշելով, որ ուրախալի է, երբ Ախուրյանում մեծ թափով քաղաքաշինական, ճանապարհաշինական, ենթակառուցվածքների զարգացմանը միտված ծրագրեր են իրականացվում, ըստ այդմ միայն 2024 թվականին ներկայացված սուբվենցիոն ծրագրերի թիվը 17-ն է` 31 ենթածրագրով, ընդհանուր 4 մլրդ 469 մլն դրամ գումարով։ Ընթացքի մեջ են նաև 2023-ից տեղափոխված 6 սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքները` գազիֆիկացում, ասֆալտապատում, մանկապարտեզների, ջրագծերի, կոյուղագծերի կառուցում, տարածքների բարեկարգում, ընդհանուր 735 մլն դրամ արժողությամբ։
Միջոցառման ավարտին մարզպետը հանդիպել և զրուցել է Բայանդուրի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները, բարձրացրած հարցերը, անդրադարձել պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերին և դրանցից օգտվելու հնարավորություններին։