Չորեքշաբթի Գերմանիա է ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և կանցլեր Շոլցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել, որ մտադիր է ընդլայնել համագործակցությունը երկու երկրի միջև տնտեսական, պաշտպանական և անվտանգության ոլորտներում: Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև առաջ է քաշել Եվրամիության հետ հարաբերությունները «վերաբեռնելու» գաղափարը։
Գերմանիայի կանցլերը ողջունել է լեյբորիստների առաջնորդ Սթարմերի ցանկությունը՝ նոր հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ: Վարչապետի պաշտոնը հուլիսի սկզբին ստանձնելուց հետո Սթարմերն առաջին այցը կատարել է Բեռլին՝ այդ կերպ ազդակ ուղարկելով ԵՄ-ին:
Սակայն դա չի նշանակում Brexit-ի չեղարկում կամ Մեծ Բրիտանիայի վերադարձ միասնական շուկա կամ մաքսային միություն, գրում է Euronews-ը։ Խոսքը ԵՄ-ի հետ ավելի սերտ կապեր հաստատելու մասին է։ Սթարմերն ասել է, որ հույս ունի մինչև տարեվերջ երկկողմանի համաձայնության գալ Եվրոպայի ամենամեծ տնտեսության՝ Գերմանիայի հետ:
Բեռլին կատարած այցի ընթացքում Սթարմերը հանդիպել է նաև Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Այնուհետև Մեծ Բրիտանիայի վարչապետը մեկնելու է Փարիզ, որտեղ բանակցություններ է վարելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և մասնակցելու է պարալիմպիկ խաղերի բացմանը: