Իսրայելը չորեքշաբթի աննախադեպ ծավալի գործողություն է սկսել Հորդանանի Արևմտյան ափին։
ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի սկզբից ի վեր զորքերը պարբերաբար արշավներ են իրականացրել պաղեստինյան տարածքներում, սակայն ընթացիկ գործողությունը, ըստ լրատվամիջոցների, առաջինն է վերջին երկու տասնամյակում, երբ իսրայելական զորքերը մտնում են միանգամից մի քանի քաղաք։ Այդ տարածքներում տրանսպորտային կապն արգելափակվել է։
Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնյաները հայտնել են, որ «մեծ ուժեր» են մտել Ջենին, որն Իսրայելը զինյալների հենակետ է անվանում, Թուլկարմ և Ալ Ֆարաա փախստականների ճամբար: Լրատվամիջոցները հայտնում են նաև Նաբլուս և Տուբաս քաղաքներում գործողությունների մասին։ Նշվում է, որ այդ արշավներն Իսրայելի վրա հարձակումները կանխելուն ուղղված ավելի մեծ գործողության առաջին փուլն են։ Զինվորականները նշել են, որ խաղաղ բնակչության տարհանում չի նախատեսվում:
Հաղորդվում է, որ առնվազն 11 պաղեստինցի է զոհվել, իսրայելցի հրամանատարներն ասում են, որ նրանցից առնվազն ինը զինյալ են եղել: