ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է հայ հերոսների և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հուշարձանների ոչնչացումը Ստեփանակերտում։
«Մենք կոչ ենք արել և կոչ ենք անում ու հաստատում ենք, որ շարունակելու ենք աշխատել երկու կողմի հետ Հայրենական մեծ պատերազմի պատմամշակութային ժառանգության օբյեկտների պահպանման թեման հայ-ադրբեջանական կարգավորման բանակցային օրակարգում ներառելու ուղղությամբ: Այդ թեման պարբերաբար քննարկում ենք Բաքվի և Երևանի հետ աշխատանքային շփումներում:
Մենք սկզբունքային դիրքորոշում ենք հայտնել խորհրդային զինվորների հուշարձանների ոչնչացման անթույլատրելիության վերաբերյալ, անկախ նրանից, թե որտեղ է դա տեղի ունեցել, և ամեն անգամ այդ թեման շոշափում ենք, մասնավորապես՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ»,- ասել է Զախարովան և հավելել.
«Ադրբեջանում հասկանում են, որ Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողությունը պահպանելը մեր երկրների սուրբ պարտականությունն է»: