ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ղեկավարները գոհունակություն են հայտնել Ռուսաստանի նախագահի՝ վերջերս Ադրբեջան կատարած պետական այցի հաջող արդյունքների կապակցությամբ։ Նշվել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստի ռուս-ադրբեջանական դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հետագա խորացմանը։
«Շարունակվել են քննարկումները Հարավային Կովկասում տիրող իրավիճակի տարբեր ասպեկտների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանի սահմանազատման և սահմանագծման, երկու պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի շուրջ։
Այս կապակցությամբ ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը այսուհետ ևս հնարավոր աջակցություն ցուցաբերել Բաքվին և Երևանին՝ համապատասխան փոխընդունելի որոշումներ մշակելու գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները»,- նշված է հաղորդագրության մեջ։