Չորեքշաբթի գիշերն ուկրաինական զինված ուժերը հարձակվել են Ռոստովի մարզում գտնվող նավթաբազաներից մեկի վրա, պահեստում հրդեհ է բռնկվել: Արդեն տասներորդ օրն է՝ հրշեջները չեն կարողանում մարել Ռոստովի մարզի մյուս հատվածում՝ Պրոլետարսկում գտնվող նավթի պահեստում բռնկված հրդեհը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ուկրաինական բանակն օգտագործել է Արևմուտքի կողմից մատակարարված F-16 կործանիչները՝ ռուսական հերթական հարձակումը հետ մղելու համար։
Զելենսկին նաև նշել է, որ Կիևը Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինայի հաղթանակի ծրագիր ունի, և հարձակումը Կուրսկի շրջանում այդ ծրագրի կետերից մեկն է։
Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին էլ հայտնել է, որ Կուրսկի շրջանում իրականացվող գործողության ընթացքում ուկրաինացի զինվորականները գերի են վերցրել 594 ռուս զինվորի։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինուժի վերահսկողության տակ է գտնվում Ռուսաստանի 100 բնակավայր՝ 1294 քառ. կմ տարածք: