Ժողովրդագրության ռազմավարության մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2 տարի առաջ: Հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը, նաև վերջին շրջանի ժողովրդագրական ցուցանիշները՝ նոր ռազմավարություն մշակելու անհրաժեշտություն էր առաջացել: Նախկին ռազմավարությունն ընդունվել էր 2009-2010 թվականներին և չէր արտացոլում առկա իրավիճակը: Այս մասին նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումների ժամանակ: Հանձնաժողովի նախաձեռնած քննարկումների առանցքում Հայաստանի ժողովրդագրության ռազմավարության նախագիծն էր:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն այս աշխատանքներն իրականացնելու համար առաջարկել է ձևավորել խորհրդատվական խումբ: Ընտրվել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը, աշխատանքային թիմում ընդգրկվել են տեղական և միջազգային լավագույն փորձագետներն ու ժողովրդագրագետները: Փաստաթուղթը քննարկվել է միջազգային հեղինակավոր կառույցներում, առաջարկների ու քննադատությունների հիման վրա որոշակի վերանայումներ են արվել, նոր ռազմավարական լուծումներ են առաջարկվել:
Ռազմավարության տեսլականը բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածքն է՝ միտված բնակչության երկարաժամկետ մարդկային կապիտալի զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը:
Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է այս տեսլականից բխող ռազմավարական նպատակները: Ռազմավարական առաջին նպատակը վերաբերում է ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծմանը, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստելու է մարդկային կապիտալի զարգացմանը: Հաջորդ նպատակներն առնչվում են մահվան ռիսկի գործոնների նվազեցմանը և առողջ միջավայրի խթանմանը, ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովմանը, արտագաղթի հանգեցնող դրդապատճառների նվազեցմանը և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովմանը:
Ըստ փոխնախարարի՝ ռազմավարությունը տվյալահենք է, ուսումնասիրությունների հիմքում դրվել են փաստեր, ինտուիտիվ եզրահանգումներ չկան: Տվյալների հավաքագրումն իրականացվել է 1897 թվականից՝ Հայաստանում որևէ ձևով հավաքագրված ժողովրդագրական ցուցանիշների վերլուծությամբ: Մոտ 125 տարվա թվային պատկերի վերլուծություն է իրականացվել:
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի գնահատմամբ էլ՝ նախագիծը մշակելիս հաշվի են առնվել արտաքին և ներքին մի շարք մարտահրավերներ, որոնց բախվել է մեր երկիրը: Նրա գնահատմամբ՝ ռազմավարության նպատակն է սահմանել պետության առաջնահերթություններն այն առումով, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն բնակչության թվի ավելացման, այլ նաև կառուցվածքի, որակի փոփոխության համար: Հանձնաժողովի նախագահը վստահեցրել է՝ այս ռազմավարության հիմքում մարդկային կապիտալի զարգացումն է, ռազմավարության հիմքում դրված հիմնասյուները միտված են ընտանիքի բարեկեցությանը, առողջության խթանմանը, ակտիվ ծերությանը և միգրացիոն հոսքերի կառավարմանը: Ռազմավարությունից բխող մոտ 120 գործողություններն ու միջոցառումներն ուղղված են 4 հիմնական նպատակի իրականացման ապահովմանը:
«Անհրաժեշտ է հավասարակշռված և որակյալ կառուցվածքով հասարակություն: Անհրաժեշտ է, որ ավագ սերնդի ներկայացուցիչները ևս ներգրավված լինեն, ու այդ բաղադրիչը կոչվում է ակտիվ ծերություն: Պետք է միջոցներ ձեռնարկվեն և՛ ծնելիության խթանման, և՛ մահացության թվի նվազման ուղղությամբ, ներդրումներ արվեն մարդկային կապիտալի զարգացման հարցում՝ ինքնաբավ հասարակություն ունենալու համար»,- նշել է հանձնաժողովի նախագահն ու հավելել, որ նախագիծը տևական ժամանակ քննարկվել է տարբեր գերատեսչություններում, հանձնաժողովը ևս քննարկումներին ներգրավված է եղել:
Հերիքնազ Տիգրանյանն ընդգծել է, որ փաստաթուղթը հաստատվելու է Կառավարության որոշմամբ, և ռազմավարությունից բխող իրավական դաշտի կարգավորման հետ կապված մի շարք նախագծեր հետագայում կդառնան խորհրդարանի քննարկման առարկան: Մինչ փաստաթուղթը գործադիրի հաստատմանը հանձնելը, պատգամավորները կարող են առաջարկներ ներկայացնել:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչը վստահեցրել է, որ փաստաթղթի մշակման շրջանակում հաշվի է առնվել միջազգային լավագույն փորձը:
Այնուհետև «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը մանրամասն ներկայացրել է ռազմավարության բովանդակությունը, ոլորտում ներկա իրավիճակի նկարագիրը, արդյունքները, հիմնական ազդեցությունները, ֆինանսական շրջանակը, ռազմավարական ծրագրերն ու միջոցառումները: Մոտավորապես 700 առաջարկ է ներկայացվել: Զեկուցողն անդրադարձել է մեր հանրության շրջանում որոշ կարծրատիպերի հաղթահարման կարևորությանը, ժողովրդագրական ցուցանիշների համաշխարհային միտումներին:
Մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են առաջարկներ ու դիտարկումներ ռազմավարության դրույթների շուրջ: