Տարբեր էկրանների (հեռախոս, համակարգիչ, պլանշետ, հեռուստացույց) առջև անցկացված ժամանակը կարող է բերել մի շարք բացասական հետևանքների՝ քնի, տեսողության, կեցվածքի խանգարումներ, նոր ընկերներ ձեռք բերելու, շփման խնդիրների, էկրանից կախվածության և այլն:
Առողջապահության նախարարությունը հրապարակել է գաջեթների օգտագործման ուղեցույց ընտանիքների համար (Մանկաբույժների ամերիկյան ակադեմիայի (AAP) խորհուրդներ
այստեղ):
«Մինչև 2 տարեկան երեխաներն ուսումնասիրում են շրջապատող աշխարհը: Ուղեղը լավագույնս զարգանում է, երբ նա շփվում է, խաղում հասակակիցների ու ծնողների հետ: Նրանք դժվարանում են հասկանալ, թե ինչ են էկրանին տեսնում, և ինչպես է այն առնչվում շրջապատող աշխարհին: Ուստի մեդիայի օգտագործումը պետք է խիստ սահմանափակ լինի և միայն այն դեպքում, երբ մեծահասակը դիտում և զրուցում է երեխայի հետ:
2-5 տարեկան երեխաները կարող են էկրանային ժամանակն օգտագործել կրթական ծրագրեր դիտելով, ինչը հնարավորություն է տալիս զարգացնելու լեզվական, կարդալու և սոցիալական հմտությունները: Էկրանային թույլատրելի ժամանակահատվածն օրական առավելագույնը 1 ժամ է. ընտրե՛ք մեդիա, որը կլինի առավել ինտերակտիվ, տարիքին համապատասխան և կրթական: Երեխայի հետ միասին դիտե՛ք նյութերը:
5 տարեկանից բարձր, հատկապես դպրոցական երեխաները մեծանում են թվային մեդիայի աշխարհում: Մշտապես վերահսկե՛ք երեխայի կողմից օգտագործվող մեդիայի բովանդակությունը և ժամանակը, համոզվե՛ք, որ այն չի սահմանափակում երեխայի քունը, ընտանիքի հետ անցկացվող ժամանակահատվածը, ֆիզիկական ակտիվությունը:
Դեռահասներն ունեն որոշակի անկախություն մեդիայի ընտրության և դիտման հարցում: Ուստի ծնողներն առավելագույնս պետք է մասնակցեն նրանց թվային գրագիտության հարցում, սովորեցնեն ճիշտ ընտրել տեղեկատվության աղբյուրը»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: