Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Գրիգոր Մինասյանը ողջունել է դեսպանին և բարձր գնահատել երկու երկրների միջև բարձր մակարդակի համագործակցությունը։ Նախարարը կարևորել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգում վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացման կարևորությունը, հատկապես՝ արբիտրաժի և հաշտարարության ուղղությամբ, և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ստեղծման կարևորությունը։ Այս համատեքստում կողմերը քննարկել են ղազախական առաջադեմ փորձը, այդ թվում՝ ինստիտուտների կայացման մասով։
Կարևորվել է Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոնի ներքո գործող Միջազգային արբիտրաժային կենտրոնի և Դատարանի միջև կնքված համագործակցության հուշագիրը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին՝ հայկական երկրորդ ամենամյա միջազգային արբիտրաժային համաժողովին բարձր մակարդակով մասնակցելու պատրաստակամության համար։
Կողմերը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները երկու երկրներում ակտիվորեն ընթացող դատաիրավական դաշտի թվայնացման ուղղությամբ, այդ թվում՝ հանրային ծառայությունների և թվային արդարադատության միասնական հարթակների ստեղծման ուղղություններում։
Դեսպան Իմանբաևն ընդգծել է երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը, համագործակցությունը ինչպես դատաիրավական, այնպես էլ կրթական, մշակութային և այլ ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Ղազախստանի արդարադատության նախարարների հանդիպման կազմակերպման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: