Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Կապանում անցկացվել է 2024-2025 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունը՝ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավոր Մարինա Ղազարյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի, մարզպետարանի մի շարք վարչությունների ներկայացուցիչներ։
Կրթական միջոցառումներից առաջ հյուրերին ներկայացվել է Կապանի երկրագիտական թանգարանի ցուցադրությունը՝ նվիրված Կապանում կրթական գործի կազմակերպման պատմությանն ու նվիրյալներին։
Խորհրդակցությունից առաջ Արաքսիա Սվաջյանը շրջել է առաջին անգամ կազմակերպված կրթական էքսպոյում, որին մասնակցել են Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենները, նրանց տեղակալները, ուսուցիչները և խմբավարները։ Սյունիքի մարզի կրթական էքսպոյում ներկայացվել են 28 դպրոցի նախագծային աշխատանքներ․ ցուցադրված ևս 2 նախագիծ կրթօջախներն իրականացրել էին համատեղ՝ մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ։ Նախարարի տեղակալն ու մարզային պատասխանատուները էքսպոյի շրջանակում ծանոթացել են աշակերտների նախագծային աշխատանքներին՝ զրուցելով դրանց մանրամասների ու նորարարությունների մասին։
Արաքսիա Սվաջյանը հաջորդիվ շնորհակալագրեր է հանձնել 2024թ․ «Ամսվա լավագույններ» մրցույթի տարբեր անվանակարգերում հաղթած տնօրեններին և ուսուցիչներին։ «Շատ տպավորված եմ. ամեն ինչ շատ հետաքրքիր էր, ուսուցողական ու բազմազան: Միշտ Սյունիք ենք գալիս մեծ ակնկալիքներով», - նշել է նախարարի տեղակալը և հավելել՝ Ուսուցչի օրվան ընդառաջ կազմակերպվելու է «Տարվա լավագույնները» մրցույթը. ընտրությունը կատարվելու է բոլոր ամիսներին լավագույնը ճանաչված մասնակիցների շրջանում:
Խորհրդակցության ընթացքում ներկաներին ողջունել է Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ շնորհավորելով անցած ուստարվա ձեռքբերումների, ինչպես նաև «Ամսվա լավագույններ» մրցույթի տարբեր անվանակարգերում ցուցադրած բարձր արդյունքների համար։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն իր խոսքում անդրադարձել է Սյունիքի մարզի կրթական տարվա արդյունքներին, ավարտական ու միասնական քննություններին, բուհ ընդունվողների ցուցանիշներին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը խոսել է նաև առաջիկա ուստարվա նորությունների, առաջնահերթ անելիքների, իրավական նոր ակտերի, ֆինանսավորման մեխանիզմների, «Դպրոցական սնունդ» ծրագրի, դասագրքերով և լաբորատորիաներով ապահովման, ուսուցիչների ատեստավորման, դպրոցների կառավարման և ոլորտին առնչվող այլ հարցերի մասին։
Խորհրդակցության ընթացքում ներկաները ոլորտի պատասխանատուներին ուղղել են իրենց հուզող հարցերը, բարձրաձայնել առկա խնդիրները: