Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքում, որի արդյունքում մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակ տրամադրելու նպատակով տրամադրվել է 30680,0 հազար դրամ:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ արդեն մի քանի տարի է՝ հանրակրթական դպրոցների օլիմպիադաների մասնակից և հաղթող աշակերտներին տրամադրվում է անվանական կրթաթոշակ, ինչը խրախուսում է աշակերտների համակողմանի և ներդաշնակ զարգացումը: Այդ է փաստում տարեցտարի օլիմպիադաներին մասնակցող և հաղթող աշակերտների թվի աճը:
Մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին ևս խրախուսելու և ոլորտի գրավչությունը մեծացնելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է այդ հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգը:
Գումարը կտրամադրվի ՀՀ-ում գործող մարզառազմական պետական ուսումնական 3 հաստատությունների 533 սովորողների, որոնցից 96-ը հանդիսանում է Արամ Մանուկյանի անվան ռազմամարզական մասնագիտացված վարժարանի սան, 187-ը՝ Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի, իսկ 250-ը՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի (հաշվի է առնվել փաստացի սովորողների և ընդունելությամբ կանխատեսվող սովորողների թիվը):
Մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողների խրախուսումը կնպաստի ոլորտի գրավչության մեծացմանը, սովորողների առաջադիմության բարձրացմանը, զինվորական պատրաստության ուղղությամբ գիտելիքների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև անձի մասնագիտության գիտակցված ընտրությանը։