ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Այս տարի ՃՇՀԱՀ-ն ավարտեց 655 շրջանավարտ: ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել շրջանավարտներին և հանձնել բուհի Շինարարության ֆակուլտետը գերազանցությամբ ավարտած շրջանավարտների դիպլոմները: «Արդեն երրորդ անգամ մասնակցում եմ նման միջոցառման և ամեն անգամ շատ ավելի մեծ բավականություն եմ ստանում հետևյալ կարևոր փաստերի բերումով. նախ՝ ամեն հաջորդ միջոցառմանը մենք ֆիքսում ենք, որ համալսարանում կա ավելի մեծ ձեռքբերում՝ քանակական ու որակական առումով, որովհետև և ուսանողների թիվն է ավելանում, և մի շարք ծրագրեր կան, որոնք ամեն տարի ավելի մեծ առաջընթաց են գրանցում: Տարբեր ուղղություններով բավականին լավ զարգացում կա: Ուրախ եմ, որ մենք միասին ամեն տարի արձանագրում ենք, որ մեր նախարարության և համալսարանի միջև համագործակցությունն էլ ավելի է խորացել, տարբեր ուղղություններով աշխատում ենք: Պետք է նաև նշեմ, որ մենք ոչ միայն ընթացիկ, այլ բազմաթիվ ապագա մեծ ծրագրեր ունենք և մեծ հույս ունենք, որ կշարունակենք աշխատել միասին, որպեսզի կարողանանք այդ ծրագրերը կյանքի կոչել»,-իր խոսքում ասել է նախարար Սանոսյանը: