ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2024 թվականի օգոստոսի 15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Աճառյան փողոցում ծառայություն իրականացնելու ընթացքում, թմրամիջոց և զենք պահելու կասկածանքով, Ոստիկանության բաժին է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ 29-ամյա երիտասարդ, որը հայտնել է, որ իր մոտ առկա են «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ և գազային ատրճանակ:
«Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 փաթեթ՝ 4.11 գրամ քաշով, և 0.89 գրամ քաշով «Մարիխուանա», 1 փաթեթ՝ ընդանուր 0.69 գրամ քաշով, «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև «Մակարով» տեսակի ատրճանակ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 396-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Որոշում է կայացվել հանցավոր արարք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձին ձերբակալելու մասին:
Նախաքննության ընթացքում կատարված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ այն անձի ինքնությունը, որի հանձնարարությամբ տղամարդը փորձել է իրացնել թմրամիջոցները:
Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ վերջինս թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք է բերել Երևան քաղաքի մեկ այլ բնակչի հետ: Վերջինիս ցուցումով և հանձնարարությամբ 29-ամյա տղամարդը «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցի փաթեթներ է տեղադրել Երևան քաղաքի տարբեր հատվածներում, որոնք լուսանկարել և ուղարկել է նրան:
Վարույթի շրջանակներում 29-ամյա տղամարդը մատնանշել է այն վայրերը, որտեղ տեղադրել է թմրամիջոցները. նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել և վերցվել է նրա կողմից տեղադրված թմրամիջոցների 5 փաթեթ: Ըստ ձերբակալվածի՝ նշված փաթեթներից չորսի պարունակությունը «Կրիստալ» տեսակի, մեկինը՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:
2024 թվականի օգոստոսի 16-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է նաև 29-ամյա տղամարդու վերոհիշյալ ծանոթը:
Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել վերջինիս բնակության հասցեում, որի արդյունքում հայտնաբերվել և վերցվել է 97 զիփ փաթեթ։
Բացի դրանից՝ վարույթն իրականացնող մարմինը, օրենքով սահմանված կարգով, ուսումնասիրել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած հիշյալ անձանց բջջային հեռախոսները, ինչպես նաև նամակագրությունը, որի արդյունքում հաստատվել է վերջիններիս կողմից՝ միմյանց հետ համագործակցաբար թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու հանգամանքը:
Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Միջնորդություն է ներկայացվել վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ 29-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ վերջինիս ծանոթի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող այլ անձանց առկայությունը, թմրամիջոցների, ինչպես նաև զենքի ձեռքբերման աղբյուրները պարզելու ուղղությամբ:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: