ՀՀ Ազգային ժողովը ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ իրականացնում է նոր՝ «Երիտասարդական խորհրդարան» պիլոտային ծրագիրը: ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ օգոստոսի 26-ին մեկնարկած ծրագրին մասնակցում են 2022 և 2023 թվականների «Ամառային դպրոցի» շրջանավարտները:
«Այս պիլոտային ծրագիրը հնարավորություն է տալիս ձևավորել համագործակցության մի նոր հարթակ, որտեղ Ազգային ժողովի աշխատակազմի մասնագետներն ու միջազգային գործընկերները շրջանավարտներին կսովորեցնեն այն բոլոր մեխանիզմները և գործիքները, որոնք կապված են օրինաստեղծ գործունեության հետ»,- նշել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը:
Այս ծրագիրը նաև խորհրդարանական գործունեության զարգացման հարցում երիտասարդների ներգրավվածության կարևոր հարթակ է, որը միտված է բարձրացնելու իրազեկվածության մակարդակը երիտասարդների շրջանում:
ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը, կարևորելով իրականացվող ծրագիրը, ընդգծել է, որ այն հնարավորություն կտա երիտասարդներին ձևավորել առաջարկներ և դրանք դարձնել օրենսդրական նախաձեռնություններ:
«Նախաձեռնությունը նպատակ ունի երիտասարդների ձայնը լսելի դարձնել, իսկ հաջողության դեպքում կլինի ԱԺ եւս մեկ գործիք»,- կարծում է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը:
«Երիտասարդական խորհրդարան» ծրագրի շրջանակում ձևավորվել են 3՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներ, որոնցում ընդգրկվել են մասնակիցներ՝ ըստ իրենց հետաքրքրության շրջանակների: Երիտասարդները մասնակցել են նիստի մոդելավորմանը, ծանոթացել հանձնաժողովների գործառույթներին:
Հանձնաժողովներում ընթացել է նաև հանձնաժողովի անդամների կողմից առաջադրված թեմաների քննարկում: