ՊԵԿ մաքսային ծառայողները, Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ, Միջուկային և ճառագայթային հայտնաբերման մասին իրազեկման ծրագրի (RANDA) շրջանակում մասնակցել են ՊԵԿ ուսումնական կենտրոնում վերապատրաստման քառօրյա դասընթացին: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
Մաքսային ծառայողները ՀՄԿ հեղինակավոր փորձագետների հետ քննարկել են ճառագայթային և միջուկային սպառնալիքի դեմ պայքարին ուղղված մոտեցումները և միջազգային լավագույն փորձը, համաշխարհային միտումներին համահունչ կիրառվող ժամանակակից գործիքակազմը և մեխանիզմները, ճառագայթային և միջուկային նյութերի՝ մաքսանենգ ճանապարհով տեղափոխման կանխարգելման միջոցներին առնչվող հարցեր: Կարևորվել է ճառագայթային և միջուկային նյութերի հայտնաբերման հարցում մաքսային մարմինների դերը:
ՊԵԿ մասնագետը ներկայացրել է ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և դրանց դեմ պայքարի ընթացակարգերի մասին ազգային փորձը, ինչպես նաև ռադիոակտիվ և միջուկային նյութերի հայտնաբերման գործնական փորձարկումներ են կատարվել «Ուսումնական կենտրոն» համապատասխան լսարանում։
Դասընթացի շրջանակում ուսումնական այց է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում:
Պետական եկամուտների կոմիտեն բարձր է գնահատում նմանատիպ վերապատրաստումների կազմակերպման անհրաժեշտությունը, քանի որ դրանք նպաստում են մաքսային ոլորտում կարողությունների զարգացմանը և աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: