ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ մտնելուց ի վեր՝ Քամալա Հարիսը և նրա փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլսը հավաքել են 540 միլիոն դոլար նվիրատվություն, ասել է Հարիսի քարոզարշավի նախագահ Ջեն Օ՛Մելլի Դիլոնը։
Նա նշել է, որ կես միլիարդի սահմանագիծը հատվել է օգոստոսի 22-ին, մինչև փոխնախագահ Հարիսը պաշտոնապես կընդուներ ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրումը։ Վերջին շաբաթվա ընթացքում նվիրատվությունների գրեթե մեկ երրորդը ստացվել է նրանցից, ովքեր առաջին անգամ են միջոցներ փոխանցել ընտրարշավին:
Հարիսի մրցակից հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի սկզբին 327 միլիոն դոլարի նվիրատվություն է ունեցել:
Մինչդեռ Թրամփը ստացել է ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու 70-ամյա Ռոբերտ Քենեդու աջակցությունը, որը դադարեցրել է իր նախընտրական քարոզարշավը։ Քենեդիների ընտանիքը վրդովմունքով է արձագանքել Թրամփին սատարելու նախագահի 70-ամյա թեկնածուի որոշմանը՝ այն համարելով դավաճանություն այն արժեքներին, որոնց իրենց ընտանիքը մեծ նշանակություն է տվել: