ԱՄՆ նախագահի թեկնածու և նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ու ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի միջև սեպտեմբերի 10-ին նախատեսված բանավեճը կարող է չկայանալ՝ քննարկման ընթացքում խոսափողի կանոնների շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ Թրամփի շտաբը ցանկանում է, որ բանավիճողի խոսափողն անջատվի, մինչ նրա հակառակորդը խոսում է։ Այս կանոնը գործում էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Թրամփի առաջին բանավեճի ժամանակ, ընդգծում է հեռուստաալիքը։
Իր հերթին, Հարիսի թիմը կապ է հաստատել ABC-ի և այլ հեռուստատեսային ցանցերի հետ, որոնք ցանկանում են վարել բանավեճը, և ասել է, որ մասնակիցների խոսափողը պետք է միացված լինի հեռարձակման ամբողջ ընթացքում: Հարիսի նախընտրական շտաբը կարծում է, որ Թրամփի թիմը վախենում է, որ իրենց թեկնածուն չի կարողանա 90 րոպե իրեն «նախագահին վայել պահել»։