Այսօր պայթյուններ են տեղի ունեցել գրեթե ամբողջ Ուկրաինայում, ռուսական օդուժի հարձակումների են ենթարկվել ինչպես ռազմական թիրախներ, այնպես էլ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են պայթյունների մասին մի շարք շրջաններում, այդ թվում` Կիևում և մայրաքաղաքի շրջանում:
Ռուսական օդուժի թիրախում է հայտնվել նաև Ուկրաինայի արևմտյան հատվածը՝ Լվովը, Ժիտոմիրը, ինչի հետևանքով Լեհաստանը ռազմական պատրաստականության վիճակի է բերել իր և դաշնակից երկրների օդուժը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դարձյալ ընդգծել է, որ ռուսական զորքերը թիրախային հարվածներ են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի, տեխնիկայի և վարձկանների տեղակայման վայրերին, ինչպես նաև ենթակառուցվածքներին՝ էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական կառավարման կապի օբյեկտներին։ Նա պնդել է, որ բանակը չի հարվածում բնակելի շենքերին և սոցիալական հաստատություններին: