Եվրահանձնաժողովը, որը որոշ ժամանակ առաջ զգալիորեն խստացրել է վերահսկողությունը ԵՄ-ում սոցիալական ցանցերի և գլոբալ մեդիահարթակների հանդեպ՝ «Թվային ծառայությունների մասին» օրենքի ընդունման միջոցով, ՌԻԱ Նովոստիին ասել է, որ չի մեկնաբանում Պավել Դուրովի ձերբակալությունը, քանի որ դա «անհատական գործ է», և առաջարկել է պարզաբանումների համար դիմել Ֆրանսիային։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի մեկնաբանի Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի հետ կապված իրավիճակը՝ «հարգելով երկրի դատական համակարգի անկախությունը»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ասել է՝ Կրեմլը ճիշտ չի համարում հիմա մեկնաբանել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը, քանի որ դեռ հայտնի չէ, թե ինչի համար է նա մեղադրվում. պետք է սպասել իրավիճակի պարզաբանմանը։
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Լե Բուրժե օդանավակայանում։ Դա տեղի է ունեցել մասնավոր ինքնաթիռից իջնելիս, որը, ըստ տեղեկությունների՝ ժամանել է Ադրբեջանից։ Ըստ ֆրանսիական մամուլի՝ Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում։
Ֆրանսիական արդարադատությունը, ըստ տեղական ԶԼՄ-ների, Դուրովին մեղադրում է մի շարք հանցագործությունների համար՝ երկրի իշխանությունների հետ համագործակցելուց Telegram-ի հրաժարում, ահաբեկչություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախություն և փողերի լվացում: Ֆրանսիացի լրագրող Սիրիլ Ամուրսկու խոսքով՝ գործարարին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։