Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օգոստոսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Այդ մասին «Լուրերին» մանրամասներ է հայտնել կառույցի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
«ԿԽՄԿ ներկայացուցիչները օգոստոս ամսվա ընթացքում Բաքվում հերթական անգամ տեսակցել են բոլոր պահվող հայերին և, համաձայն ընթացակարգերի՝ գնահատել նրանց պահման պայմանները, առողջական վիճակը, նրանց հանդեպ վերաբերմունքը»,- ասել է նա և հավելել, որ նաև ԿԽՄԿ պատվիրակների միջոցով հնարավորություն է տրվել յուրաքանչյուրին կապ հաստատել հարազատների հետ:
Զառա Ամատունին նաև ընդգծել է, որ ԿԽՄԿ-ն հետևում է Բաքվում պահվող անձանց առնչվող բոլոր հրապարակումներին:
«Այսօրվա դրությամբ միջազգային կազմակերպություններից կամ այլ կառույցներից Կարմիր խաչի միջազգային կոմիտեն միակն է, որն ունի հնարավորություն՝ տեսակցելու այս անձանց: Ուստի բոլոր նկատառումները կամ բոլոր հարցերը, որոնք վերաբերում են տվյալ անձանց պահման պայմաններին, մենք տիրապետում ենք: Առանց հանրայնացնելու հարցը՝ պետք է նշեմ, որ այդ նկատառումները քննարկվում են անմիջապես պահվող իշխանությունների հետ, սակայն դա տեղի է ունենում կոնֆիդենցիալ ձևաչափով, ինչը չի ենթադրում որևէ հրապարակում, որը լույս է տեսնում դրանից հետո»,- ասաց նա: