Օգոստոսի 26-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) հետ համագործակցությամբ ՀՀ տարածքում իրականացված և իրականացման ենթակա ներդրումային և դրամաշնորհային նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) վերաբերյալ քննարկում՝ ՀՀ և ԿԶԵՀ գործընկերների մասնակցությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների՝ Նախագծերի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձինք գործընկերներին են ներկայացրել 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին հակիրճ հաշվետվություններ։
«Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը տարածաշրջանային ֆինանսական կառույց է՝ 9 մլրդ ԱՄՆ դոլարը գերազանցող միջոցների ծավալով, որը հիմնադրվել է 2009 թվականին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից: Հիմնադրամի նպատակն է աջակցել մասնակից պետությունների տնտեսական և ֆինանսական կայունության ապահովմանը, ինչպես նաև նպաստել դրանց շարունակական զարգացմանը։
ՀՀ-ում հիմնադրամի պորտֆելը ներառում է ավելի քան 10 ծրագիր` 540 մլն ԱՄՆ դոլարը գերազանցող գումարի չափով»,- նշվում է հաղորդագրության մեջ: