Փարիզում ձերբակալվել է «Տելեգրամ» հավելվածի հիմնադիր, ռուս միլիարդատեր Պավել Դուրովը: Այս մասին հայտնում է ֆրանսիական LCI հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ նա ձերբակալվել է շաբաթ օրը, երբ իր սեփական ինքնաթիռով վայրէջք էր կատարում «Լե Բուրժե» օդանավակայանում: Նրան ուղեկցել են թիկնապահը և կինը:
Հայտնի է, որ Դուրովը Ֆրանսիա էր ուղևորվել Ադրբեջանից:
Ֆրանսիական TF1 հեռուստաալիքը հաղորդում է, որ նրան այսօր տեղափոխելու են դատարան:
Նշվում է, որ Դուրովին, ի թիվս այլ մեղադրանքների, կարող է առաջադրվել նաև ահաբեկչության մեղադրանք:
Ֆրանսիայի իշխանությունները կասկածներ ունեն, որ մեսենջերը երկար տարիներ եղել է կազմակերպված հանցավորության համար թիվ մեկ հարթակը:
Դուրովի փաստաբան Ֆրեդերիկ Բելոն հայտնել է, որ Դուրովին կարող են առաջադրել ահաբեկչության, թմրամիջոցների, փողերի լվացման և խարդախության մեղադրանքներ:
Լրատվամիջոցները հայտնում են՝ նրան կարող է սպառնալ 20 տարվա ազատազրկում:
Toncoin կրիպտոարժույթը Դուրովի ձերբակալության լուրերի ֆոնին նվազել է ավելի քան 15%-ով: Այս մասին են վկայում Binance-ի տվյալները:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ կապված Դուրովի ձերբակալության հետ՝ ՌԴ դեսպանությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակի պարզաբանման նպատակով: