2024-2025 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ տեղի է ունեցել Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ու արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, մարզպետարանի մի շարք վարչությունների ներկայացուցիչներ։
Խորհրդակցությունից առաջ Արաքսիա Սվաջյանը շրջել է Աշտարակում առաջին անգամ կազմակերպված կրթական էքսպոյում, որին մասնակցել են Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենները, նրանց տեղակալները, ուսուցիչները և խմբավարները։ Նախարարի տեղակալը ծանոթացել է կրթօջախների ներկայացրած նախագծային աշխատանքներին, զրուցել մասնակիցների հետ:
Արաքսիա Սվաջյանը հաջորդիվ շնորհակալագրեր է հանձնել չափորոշչի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում լավագույնը ճանաչված տնօրեններին և ուսուցիչներին։
Խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է հանրակրթության ոլորտում նոր ուսումնական տարվան ընդառաջ կատարված փոփոխություններին, նոր դասագրքերին և ուսումնական պլաններին, պարտադիր խմբակներին, արտադպրոցական կրթության կարևորությանը, վերապատրաստումների և կարողությունների զարգացմանը, նախադպրոցական կրթությանը, կամավոր ատեստավորմանը, տարակարգերի տրամադրմանը, Արագածոտնի մարզի սովորողների՝ 2023-2024 թվականի ուստարվա ավարտական և միասնական քննության արդյունքներին և այլ հարցերի։
Հանդիպումն ամփոփվել է հարցուպատասխանով: Կրթության ոլորտի պատասխանատուների կողմից արձանագրվել են առկա խնդիրները, պարզաբանումներ են տրվել մի շարք հարցերի: