Ուկրաինայի նախագահը Կիևում ընդունել է Հնդկաստանի վարչապետին: Ուկրաինական կողմի տվյալով՝ Վոլոդիմիր Զելենսկին և Նարենդրա Մոդին հարգանքի տուրք են մատուցել պատերազմի ընթացքում զոհված երեխաների հիշատակին:
Ուկրաինական կողմը հայտնում է, որ Կիևի և Նյու Դելիի միջև չորս փաստաթուղթ է ստորագրվել՝ տնտեսության, մշակույթի, գյուղատնտեսության և դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտներում։
Պաշտոնական բանակցություններին ընդառաջ Նարենդրա Մոդին հայտարարել էր՝ անհամբեր սպասում է Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը և երկկողմ գործակցության ամրապնդման ուղղությամբ քննարկումների շարունակմանը: Նա նշել է, որ օրակարգային կարևոր հարցերից է ռուս-ուկրաինական խաղաղ կարգավորումը։
Հուլիսի սկզբին էլ Մոդին այցելել էր Մոսկվա և բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա հայտարարել էր, որ Նյու Դելին պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել կողմերին խաղաղության հասնելու ճանապարհին: Մոդին ընդգծել էր, որ բանակցություններին պետք է ներգրավված լինեն թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը: