Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ:
IRNA գործակալության տվյալով՝ կողմերը վերահաստատել են երկու երկրի վճռականությունը՝ ընթացիկ հարցերը լուծելու երկխոսության և քաղաքական խորհրդակցությունների միջոցով: Իրանի և Գերմանիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:
Բերբոքը շնորհավորել է գործընկերոջը Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Իրանի նոր վարչակազմի օրոք երկու երկրները կկարողանան ընդլայնել իրենց երկկողմ կապերը՝ վերացնելով առկա խնդիրներն ու խոչընդոտները:
Արաղչին էլ նշել է, որ փոխադարձ հարգանքը և ընդհանուր շահերի վրա շեշտադրումն անհրաժեշտ են տարբեր ոլորտներում հարաբերությունների պահպանման և ամրապնդման համար։